
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ այցելելու թույլտվություն չի տվել. Արաղչի

Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ այցելելու թույլտվություն դեռևս չի տվել՝ չնայած համագործակցության վերսկսման մասին պայմանավորվածությանը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ստորագրել են համագործակցության վերսկսման մասին համաձայնագիր, որը դադարեցվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո:
«Պետք է նշեմ, որ տվյալ համաձայնագրով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մենք ներկա դրությամբ հասանելիություն չենք տրամադրում», - ասել է Արաղչին:
Նրա խոսքով՝ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն երկրի միջուկային օբյեկտներին տեսուչների հասանելիության շուրջ բանակցություններ կանցկացնեն ապագայում:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: