Հասարակություն

ԿԲ նախագահը՝ արցախցիներին վարկ չտրամադրելու մասին

Mariam Z.
ԿԲ նախագահը՝ արցախցիներին վարկ չտրամադրելու մասին

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց բարձրացրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների վերաբերյալ՝ մասնավորապես ԱՊՊԱ պայմանագրերի կնքման և բանկերից վարկ ստանալու հնարավորությունների հետ կապված։


Պատգամավորը նշեց, որ մի շարք քաղաքացիներ բախվում են խոչընդոտների ԱՊՊԱ-ների հետ կապված: «Ապահովագրական ընկերությունները պնդում են, որ Կենտրոնական բանկը թույլ չի տալիս ԱՊՊԱ պայմանագրեր կնքել»,- ասաց նա:


Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ խնդրից տեղյակ չէ և առաջարկեց պատգամավորին տրամադրել կոնկրետ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի ԿԲ-ն կարողանա հետամուտ լինել և նպաստել դրանց լուծմանը։


Դանիելյանը նշեց, որ կտրամադրի այդ տեղեկությունները և շեշտեց, որ շատ բանկեր հրաժարվում են արցախցիներին վարկ տրամադրելուց՝ պատճառաբանելով, թե նրանք նախկինում Արցախում ունեցել են վարկային պարտավորություններ։


«Ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառել Կենտրոնական բանկը, որպեսզի այս մարդիկ հնարավորություն ունենան այստեղ վարկ ստանալու և չզրկվեն իրենց ֆինանսական աջակցության հնարավորություններից»,- հարցրեց պատգամավորը։


ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարևոր համարեց բարձրացված հարցը՝ ընդգծելով, որ բանկային համակարգը վերջին տարիներին մեծ զիջումներ է արել պատերազմի և տեղահանման հետևանքով դժվարությունների առաջ կանգնած քաղաքացիներին։


«Մեր դիտարկումներով և բանկերի հետ աշխատանքով համակարգային խնդիր չենք տեսնում։ Բանկային համակարգը միլիարդավոր դրամների զիջումներ է արել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ զոհվածների ընտանիքներին, հաշմանդամներին, վիրավորներին, և նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ չեն կարող լինել անհատական դեպքեր, որոնք պետք է դիտարկվեն առանձին ու լուծում ստանան»,– ասաց Գալստյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250