Նարեկ Մկրտչյանն արձագանքել է եղբոր ձերբակալությանը

Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը:


Հիշեցնենք` Սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։


Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ երեկ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։


Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ «Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել», - հայտնում է Նարեկ Սարգսյանը, հավելելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։



Քաղաքականություն

Պատահարներ