Փորձ է արվել «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստան ներմուծել թմրամիջոցներ

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունը փոխանցվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։ ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքականություն