Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում․ վարչապետ

2025 թ. հունվար–հուլիսին Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղեն արտահանվել է 103 260 տոննա, որը 11.2 տոննայով գերազանցել է նախորդ տարի նույն ժամանակահատվածի` 92 838 տոննա ցուցանիշը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Անդրադառնալով մյուս ապրանքների արտահանմանը` նախարարը նշեց, որ տոննաներով ծաղիկի արտահանումն այս տարի կազմել է 1 245 տոննա, որն ավելի քան 110 տոկոով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից` 2024 թվականին` 533 տոննա։


Դեղձի արտահանումն այս տարի կազմել է 6 295 տոննա` արձանագրելով ավելի քան 60 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 2024 թվականին արտահանվել է 3 941 տոննա։


Նախարարն ավելացրեց, որ 2025 թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսության ծավալն աճել է 7,3 %–ով, այդ թվում՝ բուսաբուծությունը՝ 13,4 %–ով, անասնապահությունը՝ 3 %–ով։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ցուցանիշներն ուրախալի են, քանի որ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտում կամ ցածր ցուցանիշներ էին արձանագրվում, կամ անկում էր լինում։


«Պետք է ընդգծեմ, որ հենց այսօր` օգոստոսի 28–ի դրությամբ, ՀՀ–ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։ Սա ես չեմ ասում որպես արտառոց մի բան»,– ընդգծեց նա։


Որպես իր խոսքի հիմնավորում` Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները 2018 թվականի համեմատ 50 տոկոսով ավելի լավ են ապրում։

Քաղաքականություն