Ճապոնիան որոշել է այս շաբաթ սկսել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողումը

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման համար օգտագործվող ջրի արտանետումը կսկսվի այս շաբաթ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

 

«Կառավարությունը որոշել է օգոստոսի 24-ից սկսել ջրի բացթողումը»,-նշում են լրատվամիջոցները։

 

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան, չնայած մտավախություններին և Չինաստանի բողոքներին, հինգշաբթի օրը կսկսի ատոմակայանից ջուր բաց թողնել օվկիանոս՝ նշելով, որ գործընթացը կսկսվի, եթե եղանակային պայմանները թույլ տան: 

 

Հիշեցնենք՝ 2011 թվականի մարտին Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի մոտ տեղի ունեցավ երկրաշարժ, որը ցունամիի պատճառ դարձավ։ Հսկայական ալիքը հարվածել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին, ինչը հանգեցրել է մասշտաբային վթարի: Արդեն 2021 թվականին Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին «Ֆուկուսիմա-1»- ից ջուրն աստիճանաբար օվկիանոս բաց թողնելու պլանների մասին՝ դրա հատուկ մշակումից հետո։ Տոկիոյի որոշումը լայն դժգոհություն է առաջացրել հարևան երկրների, մասնավորապես, ձկնորսական արդյունաբերության ներկայացուցիչների շրջանում, ովքեր մտավախություն ունեին, որ սպառողները կհրաժարվեն այս գոտում որսված ցանկացած ծովամթերքից: Որոշ գիտնականներ կարծում են, որ նման քայլի երկարաժամկետ հետևանքները պարզ չեն, ուստի ջրի արտանետումը պետք է հետաձգվի: