
ՍԱՏՄ-ն անդրադարձել է շրջանառվող մտահոգություններին միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների վերաբերյալ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող մտահոգություններին Հայաստանում արտադրվող միրգ- բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել.
«Վերջին օրերին շրջանառվում են մտահոգություններ՝ Հայաստանում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է հանրության իրազեկումն ու թեմայի շուրջ ներկայացնում է հետևյալ պարզաբանումները։Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ժամանակակից, հաջողված գյուղատնտեսության անբաժանելի գործիքներն են։ Դրանք նվազեցնում են վնասատուների և հիվանդությունների պատճառած վնասները, պահպանում բերքի որակը և, տեխնոլոգիական կանոնների պահպանման դեպքում, օգնում են ստանալ որակյալ բերք։ Գյուղատնտեսությունն առանց պեստիցիդների գործնականում հնարավոր չէ, քանի որ վնասակար օրգանիզմների տարածումն անխուսափելի բնական երևույթ է, և դրանց դեմ պայքարը պահանջում է նպատակային միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Պեստիցիդների օգտագործումից հետո մրգերում ու բանջարեղենում կարող են լինել մնացորդներ, և այստեղ որոշիչը դրանց քանակն է։ Թույլատրելի սահմաններից ցածր մնացորդային մակարդակները չեն համարվում վտանգավոր:Հայաստանը հանդիսանում է Ստոկհոլմի և Ռոտերդամի կոնվենցիաների անդամ երկիր, որոնց հավելվածներում սահմանված քաղցկեղածին և հատկապես վտանգավոր պեստիցիդների ցանկերը արգելված են անդամ երկրներում։ Այդ արգելքները կիրառվում են նաև ՀՀ-ում: Իսկ թույլատրված (գրանցված) պեստիցիդների ցանկը հրապարակված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում»,- գրել են ՍԱՏՄ-ն: