
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխվեց

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը վերջապես բավարարվեց։ Դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է համարել արդարադատության օրինակելի դրսևորում»,– գրել է Երիցյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ ՀՀ–ում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կալանավորվածներից մեկը «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն է։
Գասպարյանի պաշտպանական թիմը օգոստոսի 13–ին հայտարարեց, որ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Պաշտպանական թիմը պահանջում էր կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։