
Գազայում սով է․ հրետակոծվում են թե տները, թե ապաստարանները

Իսրայելը Գազայի Զեյթուն և Սաբրա թաղամասերում ամբողջությամբ ոչնչացրել է ավելի քան 1000 շենք՝ սկսած օգոստոսի 6-ին քաղաքի ներխուժումից: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Պաղեստինի Քաղաքացիական պաշտպանության ծառայության հաղորդմամբ՝ հարյուրավոր մարդիկ դեռ գտնվում են ավերակների տակ։
Գործակալությունը տեղեկացրել է, որ շարունակվող հրետակոծությունն ու փակ ճանապարհները խոչընդոտում են փրկարարական ու մարդասիրական գործողություններին։ Շտապօգնության աշխատակիցները ստանում են բազմաթիվ հաղորդումներ անհետ կորածների մասին, սակայն չեն կարող արձագանքել, իսկ հիվանդանոցները ծանրաբեռնված են հարձակումների հետևանքով։
«Գազայի գոտում չկա որևէ ապահով վայր՝ ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում։ Հրետակոծվում են թե տները, թե ապաստարանները և նույնիսկ տեղահանվածների ճամբարները», – նշել է Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Իսրայելական տանկերը մտել են Սաբրա թաղամաս՝ նպատակ ունենալով ամբողջությամբ գրավել Գազայի հատվածը, ինչի հետևանքով մոտ մեկ միլիոն պաղեստինցի ստիպված շարժվել է հարավ։