
Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը, որը կտեղակայվի Տիբեթյան սարահարթում: Այն կզբաղեցնի 610 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը համարժեք է Չիկագոյի չափին: Այդ մասին հայտնում է Euronews-ը։
Չինաստանը արևային վահանակներ է տեղադրում աշխարհի ցանկացած երկրից շատ ավելի արագ, և ներդրումները սկսում են արդյունք տալ։ Հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի ածխածնի արտանետումները 2025 թվականի առաջին վեց ամիսներին նվազել են 1%-ով՝ նախորդ տարվա համեմատ, շարունակելով 2024 թվականի մարտից սկսված միտումը։ Չինաստանը, որը աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողն է, ստիպված կլինի շատ ավելի կրճատել դրանք՝ գլոբալ կլիմայի փոփոխության դանդաղեցման գործում իր դերը խաղալու համար։
«Որպեսզի Չինաստանը հասնի իր հայտարարած ածխածնային չեզոքության նպատակին մինչև 2060 թվականը, ապա արտանետումները պետք է կրճատվեն տարեկան միջինը 3%-ով հաջորդ 35 տարիների ընթացքում։ Չինաստանը պետք է հնարավորինս շուտ հասնի այդ նպատակին»,- ասել է ուսումնասիրության ֆինն հեղինակ, Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Լաուրի Միլյուվիրտան։