
Պապոյանը` Բաքվում պահվող գերիների և անհետ կորածների մասին

Կառավարությունը մշտապես զբաղվում է անհետ կորածների և գերիների հարցերով, այս ընթացքում հսկայական աշխատանքներ են տարվել, բազմաթիվ գերիներ են վարդարձվել, բազմաթիվ անհետ կորածների հարցերով հստակություն է մտցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով արցախցիների բարձրացրած հարցին այն մասին, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո անհետ կորածների և գերիների հարցերով ոչ ոք չի զբաղվում։
«Խաղաղության համաձայնագրում, որը համաձայնեցվել և նախաստորագրվել է արդեն, հատուկ կետ կա հենց այդ մասին։ Այսինքն դա այնքան կարևոր հարց է, որ համաձայնագրի կետերից մեկը հենց դրա մասին է»,-ասել է Պապոյանը։
Լրագրողի հարցին՝ ինչու՞ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը ներառված չէ «Խաղաղության համաձայնագրում», Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է․
«Բոլոր հարցերը հասցեագրված են, լուծման ընթացքի մեջ ենք։ Ինչպես նախկինում տարբեր առիթներով մենք վերադարձրել ենք մեր գերիներին, վստահեցնում եմ, որ աշխատանքները տարվում են, և մենք հաջողության կհասնենք նաև մնացած մասերով»,-նշել է նա։