
Պակիստանը կստեղծի հրթիռային ուժեր․ Հնդկաստանից դեռ արձագանք չկա

Պակիստանը մտադիր է իր զինված ուժերի կազմում ստեղծել հրթիռային ուժեր։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նրա խոսքով՝ նոր զորքերը կբարձրացնեն զինված ուժերի մարտական կարողությունները պատերազմական պայմաններում և հագեցած կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով։
Նա հավելել է, որ այս ուժերը կարևորագույն հանգրվան կլինեն Պակիստանի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Իր հերթին, անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հրթիռային ուժերը կունենան իրենց սեփական հրամանատարությունն, որը պատասխանատու կլինի դրանց կառավարման և տեղակայման համար պատերազմական պայմաններում։
«Նրանք ակնհայտորեն նախատեսված են Հնդկաստանի համար», - ասել է նա։
Հիշեցնենք՝ վերջին անգամ երկու երկրների միջև լարվածությունը սրվել էր ապրիլին՝ Քաշմիրում 26 խաղաղ բնակիչների սպանությունից հետո, որի համար Նյու Դելին մեղադրել էր Իսլամաբադին։ Միջադեպը վերածվեց զինված հակամարտության։ Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։