
29-ամյա կինը գողացել է համագյուղացու ոսկեղենն ու գրավադրել բանկում

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են․
«Օգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն: Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը:
Հայտնաբերվել է նաև գողոնը․ այն գրավադրվել էր բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում»: