
Դատախազությունը բողոքարկել է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած անձի արդարացման վերաբերյալ դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:
74-ամյա Ալբերտ Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։
Ապրիլի 11-ին դատարանն արդարացման վճիռ կայացրեց՝ նշելով, որ ապացուցված չի համարում Ալբերտ Նիկոլայի Առստամյանին մեղսագրվող հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։