«Զանգեզուրի միջանցքը»՝ «պատրանք, թե՝ խաղաղության և առևտրի ուղի. իրանական լրատվամիջոց

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որդեգրել են նույնանման քաղաքական ուղի՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի հանդեպ որդեգրել է սադրիչ քաղաքականություն և փաստացի դիվանագիտական հակամարտության մեջ է մտել։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըսկսել է երկարաժամկետ ծրագիր՝ Ռուսաստանին աստիճանաբար հեռացնել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերից։ Այս մասին գրում է qudsonline.ir կայքն իր «Զանգեզուրը և Մոսկվայի դեմ լուռ կոալիցիան» վերտառությամբ հոդվածում:


«ՀԱՊԿ-ից դուրս գալուց մինչև ԵՄ միջամտության պահանջ, Հայաստանը հստակ շրջվում է դեպի Արևմուտք։ Այդ համատեքստում նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է Փաշինյանի քննադատության թիրախ, իսկ ռուսամետ ներդրողների կողմից ղեկավարվող տնտեսական կառույցները, ներառյալ Կարապետյանների խումբը, զրկվել են ազդեցությունից։


Այսպիսի պայմաններում ռուսական վերահսկողությամբ Սյունիքի մարզում երկաթուղու մերժումը և «Զանգեզուրի միջանցքի» վրա կենտրոնանալը գեոպոլիտիկ հստակ քայլ է», - գրում է աղբյուրը:


ԱՄՆ՝ ստվերային խաղացող


«Ուկրաինայում պատերազմի հետևանքով Կովկասի վրա Մոսկվայի ուշադրության թուլացումից հետո ԱՄՆ-ն սկսել է ակտիվ բանակցել տարածաշրջանային կողմերի հետ՝ տրանսպորտային նախագծերը կառավարելու համար։ Հաղորդագրությունների համաձայն՝ նույնիսկ առաջարկվել է Վաշինգտոնի կողմից «Զանգեզուրի միջանցքի» 100-ամյա վարձակալություն։ Չնայած Ռուսաստանը շարունակում է հղում անել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն իրականում այլևս լծակներ չունի այն իրագործելու։ Ռուս խաղաղապահները հեռացվել են, իսկ Մոսկվան ավելի շատ կենտրոնացած է ուկրաինական ճակատների վրա, քան՝ Հարավային Կովկասի», - ասվում է հոդվածում։


Զանգեզուր՝ տնտեսական փրկություն, թե քաղաքական պատրանք


«Զանգեզուրի միջանցքը» հաճախ ներկայացվում է որպես «Միջին միջանցքի» առանցքային օղակ՝ ճանապարհ, որը պետք է Չինաստանը Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջոցով միացնի Եվրոպային։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ այս նախագիծը լուրջ գեոպոլիտիկ մարտահրավերների առջև է։


Միջանցքը պետք է անցնի Կասպից ծովով՝ ջրային տարածք, որի օգտագործման իրավունքը կախված է ափամերձ երկրների՝ ներառյալ Իրանի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունից, որոնք այժմ դուրս են մնացել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։


Այսպիսով, Զանգեզուրը միայն տնտեսական նախագիծ չէ, այլ գործիք՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման համար։ Միջանցք, որը, քանի դեռ Բաքուն շարունակում է իր հակամարտող քաղաքականությունը, իսկ Երևանը մնում է արևմտամետ ուղու վրա, ավելի շատ մնում է որպես «պատրանքային միջանցք», քան՝ խաղաղության և առևտրի ուղի», - եզրափակել է աղբյուրը։

Քաղաքականություն