Դասեր քաղեք տարածաշրջանային վերջին զարգացումներից․ Իրանի ԱԳՆ-ն կոչով դիմել է որոշ երկրների
Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, պետք է դասեր քաղեն վերջին իրադարձություններից և գիտակցեն, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն վերջին երկու-երեք ամիսների իրադարձություններից, քանի որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելը) ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չի ապահովում անվտանգությունը, այլև լուրջ սպառնալիք է ներկայացնում այդ երկրների զարգացման և տնտեսական բարեկեցության համար», - հայտարարել է Բաղային։
Նա ընդգծել է, որ Իրանը կոչ է անում իր հարևաններին չտրվել իրանական կողմի հակառակորդների ազդեցությանը, ովքեր «ձգտում են տարաձայնություններ սերմանել տարածաշրջանի երկրների միջև»։
Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։