
Դատարանները մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու միջնորդությունները

Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը, և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել են «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նա նշել է, որ դատական ակտերը դեռևս չի ստացել, ուստի դրանց բովանդակային առումով կանդրադառնա ավելի ուշ:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ համանման միջնորդությունը մերժվել է հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Պաշտպանն ընդգծել է, որ խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որը, ըստ դատական ակտի, պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել, ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ:
Հիշեցնենք` «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ–ում։ Նա 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։