
ԱՄՆ-ն գրավի միջոցով սկսում է վիզայի տրամադրման ծրագիր

ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր, որի շրջանակում վիզաներ կտրամադրի յուրաքանչյուր դիմորդից 5,000-15,000 դոլար գրավ ստանալու հիման վրա՝ որպես ԱՄՆ-ի տարածքից օտարերկրացիների հետագա հեռանալու անվտանգության միջոց, ասվում է Պետդեպարտամենտի հրապարակված փաստաթղթում։
Հյուպատոսական պաշտոնյաները կարող են պահանջել, որ ոչ ներգաղթային վիզայի համար դիմողները որպես վիզայի տրամադրման պայման ներկայացնեն մինչև 15,000 դոլարի գրավ։ Դրանք կարող են գանձվել B-1 և B-2 վիզաների դեպքում, որոնք տրամադրվում են ԱՄՆ գործուղման կամ զբոսաշրջության նպատակով մուտք գործելու համար:
Դրանք կկիրառվեն այն երկրներից ժամանող օտարերկրացիների նկատմամբ, որոնցում, ըստ Պետդեպարտամենտի, ժամկետանց վիզաների ամենաբարձր ցուցանիշներ են: Պետդեպի փաստաթղթում երկրները չեն թվարկվում:
Գրավի դիմաց վիզաներ տրամադրելու փորձնական ծրագիրը, ինչպես նշվել է, կգործի մինչև 2026 թվականի օգոստոսը։ Գրավի ճշգրիտ չափը, որոշման տեքստի համաձայն, կորոշի հյուպատոսական պաշտոնյան, որը կարող է պահանջել 5,000, 10,000 կամ 15,000 դոլարի չափով գումարի գանձում՝ դիմումն ուսումնասիրելու հիման վրա։
«Գրավի պայմանները չխախտելու համար անհրաժեշտ կլինի ժամանել Միացյալ Նահանգներ, ապա մեկնել օդային ճանապարհով՝ այս փորձնական ծրագրի շրջանակում նախապես ընտրված օդանավակայաններից մեկից», - նշվում է փաստաթղթում։