
Ռոբերտ Քոչարյան՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին

Սամվել Կարապետյանի հետ կատարվածն ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործ գործարարի նկատմամբ։ 5-րդ ալիքի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները, Կարապետյանին կալանավորելով, հարված հասցրին բարեգործության ինստիտուտին։
«Եթե Քըրք Քըրքորյանը 2007 թվականին, դժգոհ լինելով իմ ինչ–որ քայլերից, իմ դեմ մի բան ասեր, ի՞նչ պիտի անեի, պիտի կալանավորեի՞, որ գար Հայաստան։ Սա հիմարության ծայրահեղ աստիճան է։ Սամվել Կարապետյանն այն մարդն է, որի բարեգործության ծավալների չափ կարելի է միայն Քըրքորյանի հետ համեմատել՝ մի տարբերությամբ, որ Քըրքորյանը բիզնեսով չի մտել Հայաստան։ Սակայն Սամվել Կարապետյանը հսկայական ներդրումներ է արել ու ստեղծել է հազարավոր աշխատատեղեր, մարդիկ իրենց ընտանիքները պահում են հենց Սամվել Կարապետյանի ներդրումների շնորհիվ», – ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշել է, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են, իսկ այս պայմաններում «խոշոր ներդրողի վրա հարձակվելը մեծ վնաս է հասցնում Հայաստանին»։ Իշխանությունների հիմնավորումները, թե Կարապետյանը գիտեր ՀԷՑ-ի խնդիրների մասին ու փորձեց հունը փոխել, նա անհիմն է համարում։
«Ես գիտեմ`ինչ վիճակում են եղել բաշխիչ ցանցերը, երբ դրանք պետական էին ու իմ ժամանակ է սեփականաշնորհվել։ Խայտառակ պատկեր էր, «լույսի մարդն» ամենակարևոր մարդն էր Հայաստանում, որովհետև տեղում ոնց ուզում անում էր` էլ հաշվիչն էր հետ պտտում ու փող աշխատում ու տասնյակ միլիոնավոր պարտքեր կուտակվում բաշխիչ ցանցերի վրա։ Այդ ժամանակ սեփականաշնորհեցին, ու կտրուկ փոխվեց իրավիճակը», – նշել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ Սամվել Կարապետյանի ներդրումները ՀԷՑ-ով չեն ավարտվում։
«Սա հաշվեհարդար է։ Միգուցե գալիք ընտրություններում այդ համակարգն օգտագործեն ընտրական նպատակների համար, օրինակ՝ բաշխիչ ցանցերի հաշվին խոստումներ տալ և այլն։ Իրենք կառավարիչ են նշանակում, բայց ասում են՝ Սամվել Կարապետյանը պետք է ներդումները շարունակեր։ Սա վատ կինո է, որը քանդելու է աշխատող համակարգը», – ընդգծել է Քոչարյանը։
Քոչարյանը վստահ է, որ արբիտրաժային դատարանում կառավարությունը պարտվելու է։