
Իրականությունը վերջին տարիներին փոխվել է. ժողովուրդն այլևս նույնը չէ. Թորոսյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել և վերնագրել «Ճախրող էլիտաների վախճանը»:
«Գրեթե ամեն օր մենք լսում ենք հայտարարություններ, ընթերցում հոդվածներ կամ ականատես լինում հեռուստատեսային ու առցանց խոսույթների, որտեղ աննկատ, բայց համառորեն կրկնվում է մի ուրվագծային թեզ․ իբր ժողովուրդը՝ իր մեծամասնությամբ, չի կողմնորոշվում՝ որն է ճիշտը, որն՝ անարդարությունը, ո՞ր քայլը բարիք կբերի, իսկ որն է տանում կործանման, ո՞րն է բարոյականը, ո՞րը՝ անբարոյականը»։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս տեսակետը գրեթե միշտ հնչում է մարդկանց կողմից, որոնք իրենց համարում են «էլիտա»՝ ինտելեկտուալ, մշակութային, նյութական կամ այլ տեսակ գերազանցություն ունեցող մի կաստա։ Նրանց թվում է, թե իրենց ստացած կրթությունը, շատ հաճախ սոսկ դիպլոմների և արտասահմանյան ուսումնական հաստատությունների անունների տեսքով, արդեն իսկ վեր դասում է իրենց հասարակության մնացած մասից։ Իրենց ինքնագնահատականը սնվում է նաև իրենց սոցիալական շրջապատից՝ «ինտելիգենտ միջավայրից», որտեղ համընկնում են ճաշակը, աշխարհայացքը, ապրելու ձևը և նույնիսկ սրճարանում պատվիրած սուրճի տեսակը։
Սովորական մարդիկ նրանց համար պարզապես թիվ են, ոչ թե՝ անհատականություններ։ Անհատականություն լինելու համար պետք է էլիտար լինել իրենց նման՝ բարձրագույն կրթությամբ, անգլերենով հագեցած բառապաշարով, եվրոպական ճաշակով և այլն»։
Թորոսյանը գրառման մեջ նշել է «Սակայն իրականությունը վերջին տարիներին փոխվել է։ Ժողովուրդն այլևս նույնը չէ։ Այժմ մարդիկ գիտակցում են, որ իրենք են որոշողը, որ իրենք են արժանի ընտրելու, ապրելու, ղեկավարելու, առանց էլիտաների կարիքի։ Այժմ նրանց ճառերը՝ որքան էլ հարուստ բառապաշարով հագեցած լինեն, դատարկ են հնչում։ Ոչ ոք այլևս չի հավատում, որ Օքսֆորդ ավարտելը պաթոսի իրավունք է տալիս։ Ոչ ոք այլևս չի հավատում հայրենասիրական կոչերին այն մարդկանցից, որոնց երեխաները այլ պետությունների քաղաքացի են դարձել՝ միայն թե չծառայեն բանակում։
Էլիտաներն այլևս վախճանվել են։ Սակայն հենց այն պատճառով, որ նրանք շատ բարձր են ճախրում իրականությունից կտրված մի հարթությունում, նրանք դեռևս չեն նկատել, որ մենակ են մնացել այնտեղ։ Իսկ երկրում կյանքն ընթանում է առանց իրենց, առանց իրենց «անփոխարինելի» ներկայության»։
«Եվ որքան էլ դառը լինի նրանց համար այս նոր իրավիճակը, փաստը մնում է փաստ. վերից չի երևում, թե ինչ է տեղի ունենում ներքևում։ Իսկ հիմա՝ հենց ներքևում է որոշվում ամեն բան»,-գրել է Թորոյանը: