
Ինչպես կարող եմ ես գնել ՀԷՑ-ը. ինձ հանգիստ թողեք. Գրիգոր Տեր-Ղազարյան

«Ով ինչ լուր ուզում շրջանառում է այսօր և գոնե ինձ համար անհասկանալի աժիոտաժ սարքում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «GTB Holdings»-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ինքը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ հերքող գրառումը, և նորից լուրեր են շրջանառվում, որ ՀԷՑ-ի ապագա սեփականատերը հենց ինքն է։ Տեր-Ղազարյանը և որևէ այլ մեկնաբանություն չի տվել։
Քիչ առաջ էլ Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել անդրադառնալով շրջանառվող լուրերին.
«Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: Խնդրում եմ ինձ / մեզ հանգիստ թողեք»,-գրել է Տեր-Ղազարյանը:
Հիշեցնենք, որ հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում.
«GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետեև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,-ասել է Թեհմինա Վարդանյանը։
Տեր-Ղազարյանը ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ շեշտելով․ «Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։ Սակայն, Գրիգոր Տեր-Ղազարյանը հեռացրել է գրառումը ֆեյսբուքյան իր էջից