GTB Holdings-ի փոխտնօրենը չի բացառել Գրիգոր-Տեր Ղազարյանի կողմից ՀԷՑ-ը գնելը

GTB Holdings-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը։


GTB Holdings-ը պատկանում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսա, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Ուշագրավ է, որ Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում, իսկ ահա Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը չի հերքում։


«GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետեև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,- ասել է Վարդանյանը։


Նշված է, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անունը ՀԷՑ-ը գնելու հետ կապվեց այն բանից հետո, երբ լրագրողներն արձանագրեցին, թե նա ինչպես է հուլիսի 24-ին ցուցադրաբար այցելել ՀԷՑ։ Նա հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, թե այցի վերաբերյալ, թե ՀԷՑ-ը գնելու։


Տեր-Ղազարյանը ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ շեշտելով․


«Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։


ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ տեղեկությունները կտրուկ հերքող գրառումը, սակայն, Գրիգոր Տեր-Ղազարյանը հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից։ 


«Չեմ կարող ասել, թե ինչու է ջնջել։ Ինձ էլ է հետաքրքիր ինչու է ջնջել»,-ասաց նա։ Հարցին՝ սա արդյո՞ք նշանակում է, որ հնարավոր է Տեր-Ղազարյանը ՀԷՑ-ը գնի, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Ես ինքս դա տեսնում եմ մամուլից»,- պատասխանել է Թեհմինա Վարդանյանը։

Քաղաքականություն