Ճշմարտությունը բռնաբարված է, արդարությունը՝ կողոպտված. Բագրատ սրբազանի նամակը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

30 տարի անց… Այսօր լրացավ քահանայական ձեռնադրությանս 30-րդ տարեդարձը… «ազատ ու անկախ» Հայաստանի կալանավայրերից մեկում։ Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այս հանգրվանին։ Սակայն, մյուս կողմից էլ ներկայիս աղետի՝ բոլոր առումներով աղետի պայմաններում, չէի էլ կարող պատկերացնել այլ վայրում գտնվելս։ Դեռ 1988թ.-ից 17-ամյա երիտասարդ լինելով պայքարել ու կռվել եմ ազատ, անկախ, ինքնիշխան, իր ազատագրված Արցախով՝ մեծ և հզոր, ազգերի շարքին վեհորեն քայլող Հայաստանիս համար։ Բագրատ սրբազանը նամակ է գրել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից:


«1995թ.-ին Սուրբ Էջմիածնի Սուրբ Սեղանի առջև օծվելով ՊԱԿ-ի բանտերում նահատակված Բագրատ արք. Վարդազարյանի անունով՝ ուխտեցի ծառայել Աստծո փառքի և իմ համբուրելի ժողովրդի շահի համար, ում սիրել եմ իմ կյանքից առավել։ Խոնարհվել եմ ու ուխտել ամեն բանի համար փառք տալ իմ հարուցյալ և հաղթանակած Տիրոջը՝ անխտիր բոլոր հանգամանքներում և պարագաներում։ Գործել եմ սխալվելով, մեղքերով, անկումներով և փորձություննեորվ և այդ բոլորը համարել եմ իմը և միայն իմը։ Իսկ յուրաքանչյուր ամենափոքրիկ իսկ հաջողություն համարել եմ Աստծունը և Իր պարգևը։ Հաջողվել է կամ ոչ՝ իմ դատավորը Աստված է և պատմությունը։


Այսօր հետահայաց քննությամբ՝ ես ապրում եմ գողացված կենսագրության և պատվի, փշրված երազների և աղճատված տեսիլքի, կորսված Արցախ պաշտելի Հայրենիքիս և բզկտված ու բզկտվող Հայաստան աշխարհիս իրականության մեջ՝ թշնամական բանտերում գտնվող եղբայրներիս անարգանքով, բազմահազար նահատակ եղբայրներիս ու հայրերիս արյան դիմաց գլխահակ, անհայտության մեջ գտնվող զավակների վերադարձի անորոշությամբ պատված, վիրավոր ընկերներիս դիմաց՝ անպատասխան, ծանր բեռի տակ կքած ժողովրդի մոլորված ու խաբված հոգեվիճակին անարձագանք։


Ճշմարտությունը բռնաբարված է, արդարությունը՝ կողոպտված, սերը՝ քայքայված, հավատքը՝ խոցված, հույսը՝ բեկված։ Այս բոլորով հանդերձ չի մեռել մեր կամքը, անսասան հավատքը, չեն կարող սպանել մեր ձգտումներն, իղձերն ու երազները կերտելու և վերածնելու, ապաքինելու և վերստին կենսավորելու մեր Մոր՝ Մայր Հայաստանի կյանքն ու ընթացքը, և որ մեր կյանքից անպայման ու անխուսափելիորեն «կհալչի մեղքը, կհալածվեն դևերը, կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կբժշկվեն հարվածները, կվերանա ապականությունը, կչքանա տխրությունը, կփախնի խավարը, կմեկնի մեգը, կմերժվի մառախուղը, կփարատվի մռայլությունը, կվերանա մութը, կգնա գիշերը, կցրվի տագնապը, կչքանա չարիքը, կհալածվի հուսահատությունը… կթագավորի Աստծո ամենակարող ձեռքը»։


Ո՛վ Տեր, ինչպես 30 տարի առաջ որպես մի 24-ամյա երիտասարդ ամբողջությամբ մերկացած բացականչեցի, այսօր ևս, արդեն 54-ամյա բազում ճանապարհներով Քո իսկ ամենախնամ ձեռքով առաջնորդված անարժան ծառա նույնությամբ կրկնում եմ. «Տերն է իմ լույսը և իմ կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու»։ Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ։ Քեզ եմ հանձնել իմ անձը ու չեմ զղջացել՝ Աստված իմ և Թագավոր իմ, Կյանք իմ և Ապավեն իմ, Հույս իմ և Վստահություն իմ՝ Հիսուս Քրիստոս Աստվածդ ամենքի։ Այո՛, ես անսակարկ և անհողդողդ հավատում եմ և ապրում եմ Հոգևոր Հայաստանի, Տաճարի և Եռագույնի Հաղթանակով։ Եվ այդ Հաղթանակն այլընտրանք չունի»,- գրել է Բագրատ սրբազանը:

Քաղաքականություն

Պատահարներ