
Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:
Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա:
Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:
Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Ուստի, վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
Իրականացված հիմնական փոփոխություններն են.
Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը: Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն: Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն): Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:
Չի թույլատրվում.
Կրեմային հրուշակեղեն, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ), կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):
Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ.
Ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:
Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում: