Երասխահուն դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նա մեղադրվում է հափշտակության մեջ

ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոն զբաղեցրած անձը և վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձինք, նրա հրամանով նշանակված լինելով հիշյալ դպրոցի վերանորոգողի, պահակի և հավաքարարի հաստիքներին, 2023-ից 2025 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն փաստացի չկատարած աշխատանքի համար որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ:


Ընդ որում՝ տնօրենը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է հիշյալ անձանց աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս իբրև թե նշված ժամանակահատվածում հաճախել են աշխատանքի: Հայտնում են News.am-ից։ 


Խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ -ից բացակելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 3 անձանց:


Նախաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ամբողջությամբ վերականգնվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամը:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Քաղաքականություն