Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատ

Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատ՝ երկրի երկպալատ խորհրդարանի ստորին պալատ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ միջկուսակցական բանաձև է ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Հանուն արդարության և դեմոկրատիայի» եվրոպական հայկական ֆեդերացիան։


Բանաձևում ընդգծվում է, որ 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի կառավարության համառ մերժումը ոչ միայն խանգարում է նրան հաշտվել սեփական անցյալի հետ, այլև խոչընդոտում է դեպի իրական ժողովրդավարացում նրա առաջընթացին։


Բանաձևը Իռլանդիայի կառավարությանը կոչ է անում լիարժեք մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներին և հարգել 1,5 միլիոն զոհերի հիշատակը։


Բանաձևը նաև աշխարհի մյուս կառավարություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հանդես է գալիս դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունն իր իրական պատմական համատեքստում դասավանդելու օգտին և առաջարկում է սահմանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր։

Քաղաքականություն

Պատահարներ