ԱՄՆ-ում Իրանի քաղաքացու են ձերբակալել էլեկտրոնիկա արտահանելու մեղադրանքով

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Միացյալ Նահանգներում մշտապես բնակվող Իրանի քաղաքացու, որին ներկայացվել է ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ իր հայրենիք էլեկտրոնիկա արտահանելու մեղադրանք։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ 


«Միացյալ Նահանգներում օրինական հիմունքներով մշտապես բնակվող Իրանի քաղաքացին ձերբակալվել է չորս դրվագից բաղկացած դաշնային մեղադրանքով։ Նա մեղադրվում է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) և Իրանի հետ  գործարքների իրականացման և պատժամիջոցների կիրառման կանոնակարգի (ITSR) խախտմամբ ԱՄՆ-ից Իրան անօրինական ճանապարհով էլեկտրոնիկա  արտահանելու համար»,- նշված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում։


66-ամյա Բահրամ Մոհամմադ Օստովարին ձերբակալվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում։ Նա ղեկավարում է իրանական ինժեներական ընկերություն, որը Իրանի կառավարությանը մատակարարում է ազդանշանային և կապի համակարգեր, այդ թվում՝ երկաթուղիների համար։Ըստ մամուլի հաղորդագրության՝ իրանցուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Քաղաքականություն