
Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով

Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն համալիրի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան սկսել է ժամանակակից տեխնոլոգիաներ մշակել, որպեսզի դրանց օգնությամբ լիակատար վերահսկողություն ապահովվի միգրացիոն հոսքերի նկատմամբ: Օրինակ` սահմանին միգրանտին լուսանկարում են, և այդ լուսանկարով կարելի է նույնականացնել նրան, մատնահետքեր են վերցվում: Միգրացիոն կենտրոնում, որտեղ ներկայանալը պարտադիր է, միգրանտը գենոմ է հանձնում: Սոբյանինի խոսքով` այդպիսով անօրինական գործողությունների, վարչական, քրեական խախտումների դեպքում նման անձի որոնումը զգալիորեն կհեշտանա:
«Ավելին` տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ կվերլուծենք մուտքը, ելքը, գրանցումը և այլն: Բացի այդ, տեղաշարժը վերահսկելու և տեսնելու համար, թե քաղաքի որ հատվածում է նա գտնվում, միգրացիոն նոր հաշվառման համակարգ է ներդրվում. նրա գրանցումը կիրականացվի իր իսկ հեռախոսի միջոցով: Հատուկ ծրագիր է ներբեռնվում, որի համաձայն օպերատորը, ռոբոտը, կարող է ցանկացած հաճախականությամբ հարցնել տվյալ քաղաքացու տվյալները, պահանջել, որ նա արձագանքի, ցույց տա իր դեմքը և աշխարհագրական դիրքը: Եթե նա կապի դուրս չի գալիս, չի արձագանքում, չի աշխատում այդ ծրագրով, մենք համարում ենք, որ նա խախտում է միգրացիոն գրանցման պայմանները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – ասել է Սոբյանինը:
Քաղաքապետը նշել է, որ տրամադրվում են նաև էլեկտրոնային քարտեր, որոնցով ոստիկանները կարող են ստուգել միգրանտի կարգավիճակը, տեսնել «լուսացույցը»՝ կարմիր, դեղին կամ կանաչ:
«Եթե այն կարմիր է, ապա անձին ակտիվ որոնում են: Եթե դեղին է, ապա հնարավոր է, որ նա որոշ խախտումներ ունի: Եթե կանաչ է, կարող է ազատ տեղաշարժվել», - ասել է Մոսկվայի քաղաքապետը:
Սոբյանինի խոսքով` այս համակարգը թույլ է տալիս վերահսկել ինչպես միգրանտի կարգավիճակը, այնպես էլ ոստիկանի գործողությունները: