
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենքի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել: Իրանի առաջնորդի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանը ընդգծել է, որ Իրանը, հիմնվելով Գերագույն առաջնորդի ֆեթվայի վրա, երբեք չի մտադրվել և չի ձգտում միջուկային զենք ունենալ և միշտ պատրաստ է եղել երկխոսության միջոցով փոխըմբռնման և համաձայնության հասնելու: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության փաստարկները ընդունելու փոխարեն, համաշխարհային տերությունները ընդունել են Իսրայելի դիրքորոշումը, որը «ձգտում է քաոս սերմանել Մերձավոր Արևելքում»։
Նախագահը հավելել է, որ Իրանը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ երկիրը հարձակման է ենթարկվում Իսրայելի կողմից, և որոշումներ չի կայացնի որևէ ճնշման տակ։