
1 օրում ավելի քան 80 զոհ Գազզայում

Այսօր անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 82 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական զորքերը կրակ են բացել Նեթսարիմ բնակավայրի մոտ գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնում սննդի փաթեթներ ստանալու սպասող մարդկանց բազմության վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 պաղեստինցի։
Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի տնօրենը հայտարարել է, որ Դեյր ալ-Բալահ քաղաքի տներից մեկի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով սպանվել է ութ պաղեստինցի։
Հիշեցնենք` վաղ առավոտյան իսրայելական ուժերը թիրախավորել են Սալահ ալ-Դին փողոցում մարդասիրական օգնության սպասող հավաքված մարդկանց, որի հետևանքով զոհվել է 4 պաղեստինցի, 90-ից ավելի մարդ վիրավորվել է։ Մնացած զոհերը գրանցվել են անկլավի այլ հատվածներում։ Մյուս կողմից, Իսրայելի կողմից Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա լայնածավալ հարձակման ժամանակ երկու պաղեստինցի զոհվել է, ևս 82-ը՝ վիրավորվել։
Նշենք` Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։