
Խնդիր է դրված քանդել Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Մարուքյան

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տիրապետում է հայկական ամենախոշոր լոբբիստական ցանցին, որը ծառայել և ծառայում է պետական և ազգային շահերի պաշտպանությանը։ Կուսակրոնության շուրջ ստեղծված աղմուկի ներքո չեզոքացվում է հայկական ամենահզոր լոբբիստական կառույցը, որը գործընթաց է ի շահ թշնամու։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում։
Նա ընդգծել է, որ եկեղեցին հակազդում է Ադրբեջանին ամենուր՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կանգնած են հայկական տաճարները։
«Եկեղեցին է հոգեպես սնում Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին և ամրացնում, իսկ երբեմն նույնիսկ ստեղծում, նրանց կապը հայրենիքի հետ։ Սրանով էլ պայմանավորված, Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով սպասարկում են թշնամու այդ օրակարգը»,– գրել է Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ծրագրով Հայաստանը պետք է վերածվի Արևմտյան Ադրբեջանի, իսկ Արևմտյան Ադրբեջանում Հայ առաքելական սուրբ եկեղեցին չի կարող իր այսօրվա ինստիտուցիոնալ տեսքով գոյության իրավունք ունենալ։
«Այսպիսով, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները ես չեմ դիտարկում որևէ բարձրաստիճան հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման համատեքստում. խնդիր է դրված քանդել Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց»,– եզրափակել է Մարուքյանը։