Ունենալու ենք հաղթնակ 50+1 ձայներով. ՏԿԵ նախագահ

Դա իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախագահ Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությանը և վարչապետի թեկնածուի անունը հրապարակելուն։


«Բազմաթիվ թեկնածուներ են առաջադրել՝ ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչներ, ձախողումից հետո՝ նաև, պայմանական ասած, կարկառուն հոգևորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։ Հիմա էլ առաջադրում են համայնքային պաշտոնյաների։ Մենք, որպես կառավարող մեծամասնություն, մտահոգություն չունենք Հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով։ Մենք վստահ ենք, որ իմփիչմենթի գործընթացը ձախողվելու է։ Հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ այն վստահությամբ, որ ունենալու ենք ճնշող առավելություն՝ հաղթանակ 50+1 ձայներով»,- ասել է նա։


Խուդաթյանը անդրադարձել է նաև ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններին.


«Այդտեղ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել։ Պիտի ասեմ, որ դրանով էր պայմանավորված նաև Գյումրիում մեր թեկնածուի առաջին տեղը։ Այո, ձայների թիվը բավարար չի եղել, և ընդդիմությունը կարողացել է, կոալիցիա կազմելով, Գյումրիում իշխանություն ձևավորել։ Բայց դրանք տեղային ընտրություններ են»,-նշել է  նա։