Մանրամասներ` Փաշինյանի և Տատյանա Մոլչանի հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին:


Նա ողջունել է տիկին Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։


Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։


Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։


Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության տեսլականը ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ և թվային ոլորտներում։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբազմազանության 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ բնապահպանական օրակարգում։


Տիկին Մոլչանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ, մասնավորապես, կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։