Այ էս ամեն ինչի մեջ է լինելու ընտրությունը. Ռուբինյան

2026թ.-ի ԱԺ ընտրություններին ընտրությունը լինելու է հետևյալի մասին՝ կամ իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար կռիվ տվողներին պետք է ընտրեն, որոնք համատեղությամբ նաև Հայաստանի անկախությունը մատաղ անելու կողմնակիցներ են, խաղաղությանը, դելիմիտացիային, սահմանները բացելուն դեմ են, կենացներ ասելով, բայց միևնույն ժամանակ 100-ավոր միլիոն դոլարներ թալանելուն կողմ են կամ էլ ընտրում են գործող իշխանությանը, որն առաջ է քաշում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը վերջին տարիներին շեշտակի տնտեսական աճ է ապահովել, որի որոք աշխատավարձեր են բարձրացվել, մանկապարտեզներ են կառուցվել: Իրենց ժամանակ քանի՞ մանկապարտեզ է կառուցվել Երևանում, քանի՞ ավտոբուս է դրվել շրջանառության մեջ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:


«Այ էս ամեն ինչի մեջ է լինելու ընտրությունը: Ընտրությունը անկախ Հայաստան ունենալու և չունենալու մեջ է: Հիմա որոշ քաղաքացիներ կասեն՝ ինչու՞ եք ասում, որ ընտրությունը այդ երկուսի մեջ է, բա երրորդ ուժ չկա՞:


Թող լինի, ձեր ցավը տանեմ: Բայց փորձը ցույց է տալիս, որ այդ երրորդ ուժը չհայտնվեց: Ես կուզեի, որ այդ երրորդ ուժ հայտնվեր: Ես կուզեի, որ մի օր երկրում մենք ընտրությունները պարտվեինք նորմալ, ժողովրդավար, ոչ թալանչի ուժերին: Բայց 2026թ.-ին կարծում եմ՝ այսպես թե այնպես կոնֆիգուրացիան արդեն պարզ է և ընտրությունները լինելու են այս քաղաքական դիսկուրսների շրջանակներում և մենք հույս ունենք, որ ժողովրդի աջակցությամբ կհաղթենք»,- նշել է նա: