London Times-ը ապատեղեկատվություն է տարածել Փաշինյանի մասին

London Times անվանումով կայքի՝ «Արևմտյան դեղագործական ընկերությունները փորձարկում են թունավոր ռազմական կարգի ստերոիդներ հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերնագրով հոդվածում տեղ գտած պնդումներն արվում են՝ հղում անելով «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին:


Հիմնադրամի կայքի ուսումնասիրության արդյունքում ՀՀ-ի մասին վերջին տարիներին որևէ հոդված չի հայտնաբերվել: Վերջին հոդվածը եղել է 2021թ-ին՝ ՀՀ-ում ապատեղեկատվության վերաբերյալ: Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք հոդվածներ, որում Հիմնադրամին մեղադրում են կեղծ տեղեկություն հրապարակելու մեջ:


Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր հոդվածներից մեկում, որտեղ խոսվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվական քարոզարշավի մասին, անդրադարձ կա նաև «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին: Հոդվածում նշվել է, որ այս Հիմնադրամն ստեղծվել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից: Խումբը, որն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան՝ ռուս կին, ով ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում փողերի լվացման մեղադրանքով: Այս խումբն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա ազդեցություն ունեցող անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու համար:


Ֆրանսիական հեղինակավոր Indigo Publications մեդիա խմբին պատկանող Intelligence Online պարբերականը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ, իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Անարդարության դեմ պայքարի» ՀԿ-ին: Հոդվածում նշվել է, որ այն վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից և տարածում է ապատեղեկատվություն:


Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով կայքի հոդվածին, պարզաբանել էր, որ ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ ակնհայտ սուտ պնդում է արվել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին: