Նոր զարգացումներ Հնդկաստան-Պակիստան էսկալացիայից

Պակիստանի զինված ուժերը հարվածել են Հնդկաստանի բանակի հետևակային բրիգադի գումարտակի շտաբին՝ ոչնչացնելով հրամանատարական կետը։ Այս մասին Իսլամաբադում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն, գեներալ Ահմեդ Չաուդհրին։


«Պակիստանի բանակը լիարժեք արձագանքել է Հնդկաստանի ագրեսիային և ոչնչացրել Հնդկաստանի զինված ուժերի բրիգադի գումարտակի շտաբ-բնակարանը, որտեղից համակարգվում էին հնդկական զորքերի կողմից Քաշմիրի վերահսկողության գծում հրադադարի խախտումները», - Չաուդհրիին մեջբերել է «Դաուն» թերթը։


Նրա խոսքով՝ Պակիստանը հարվածել է մի քանի հնդկական ռազմական կետերի Քաշմիրի Չհատրի, Ջուրա և Սարլիա շրջաններում, ինչպես նաև խոցել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ կործանիչ, որոնք մասնակցում էին Իսլամական Հանրապետության տարածքում ավիահարվածներին։ «Մենք թույլ չենք տվել որևէ հնդկական ինքնաթիռի խախտել Պակիստանի օդային տարածքը, ոչ մի պակիստանյան ինքնաթիռ չի խախտել Հնդկաստանի սահմանը», - հավելել է գեներալը։ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 26 պակիստանցի և վիրավորվել 46-ը։


Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 7-ի գիշերը զինված ուժերը իրականացրել են «Սինդուր» գործողությունը՝ Պակիստանում և Քաշմիրի Պակիստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։ «Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ թիրախավորելով Պակիստանում և Ջամմուի և Քաշմիրի Պակիստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ենթակառուցվածքները, որտեղից Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումներ էին պլանավորվել և իրականացվել», - ասվում է հայտարարության մեջ։ «Ընդհանուր առմամբ իրականացվել է ինը հարված»։


Ինչպես նշում են հնդկական լրատվամիջոցները, Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների հետագա սրման ռիսկը մնում է բարձր։ Նյու Դելին հայտարարում է, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կստանա չափված և վճռական պատասխան։

Քաղաքականություն