Երիտթուրքերի հետ կոալիցիոն գործընկեր եք եղել. Ռուբինյան

Հայաստանը երբ անկախանում էր, ՀՅԴ-ն դեմ է եղել անկախացմանը։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեջբերելով ՀՅԴ ներկայուցիչ Հրայր Մարուխյանի հայտարարությունները։


Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն մյուս երկու ավանդական կուսակցությունների՝ Հնչակների ու Ռամկավարների հետ հանդես է եկել հայտարարությամբ՝ ժողովրդին կոչ անելով «հանգիստ մնալ, չխաթարել միութենական այլ հանրապետությունների հետ հարաբերությունները»:


«Էսքանից հետո եկել, պետություն, անկախություն եք պաշտպանում»,- ասել է նա։


Նա նաև նշել է, որ 20-րդ դարասկզբին ՀՅԴ-ն կոալիցիա էր կազմակերպել երիտթուրքերի հետ: ՀՅԴ-ն Հայաստանում այժմ գործող միակ ուժն է, որ կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ։


«Դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտթուրքերի հետ, դուք համագործակցել եք սուլթանի հետ, համագործալցել եք հնչակների, կոմունիստների, հանրապետականների հետ։ ՔՊ-ի հետ էլ, ինչ ասեմ, փորձել եք համագործակցել, բայց կեսից որոշեցիք՝ մենք ձեր ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, ու որոշեցիք գնալ ձեր ճանապարհով։ Բայց, հա, դուք բոլորի հետ կհամագործակցեք, դուք խնդիր չունեք դա անելու»,- ասել է Ռուբինյանը:


Տեղից դիտարկմանը, թե քաղաքական ուժն որիշ ինչ կարող է անել, նա ասել է.


«Հեչ, ոչ մի բան, քաղաքական ուժը պետք է բոլորի հետ համագործակցի, նույն հարցի շուրջ իրարից տարբերվող 10 դիրքորոշում հայտնի, պետք է երկիրը անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի, հետո բոլորին ասի՝ բոլորդ դավաճան ու սրիկաներ եք»։


Մինչ այդ ելույթ էին ունեցել ՀՅԴ-ական պատգամավորները, իսկ Արծվիկ Մինասյանն էլ դիմելով Ռուբեն Ռուբինյանին, ասել էր.


«Լավ է 004 շրջաբերականը հիշեցնելուց առաջ ասեք՝ քանի շրջաբերական դուք ունեք։ Իսկ դրանից առաջ լավ կլինի ընդհանրապես ասեք՝ Քըլըչը ո՞նց է, ի՞նչ է ասում ձեզ, ձեր ականջին»։