Անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման այլ ձևերի ենթարկելու, վերջիններիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ընթացքը տեսաձայնագրելու և իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը, ըստ էության, տվել է իր համաձայնությունը:


Այնուհետև, դատապարտյալը կեղծ օգտատիրոջ սոցիալական ցանցի էջով շփումներ է հաստատել անչափահաս երեխաների ծնողի հետ՝ պահանջելով երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ենթարկել սեքսուալ շահագործման, ինչին վերջինս համաձայնել է՝ նյութական օգուտ ստանալու պայմանով: Բացի այդ, դատապարտյալը նույն եղանակով սեքսուալ շահագործման է ենթարկել մեկ այլ անչափահասի և այդ տեսաձայնագրությունները պահպանել իրեն պատկանող բջջային հեռախոսում:


Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի  մի շարք հոդվածներով։ Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: