Չեմ կարծում, որ Թրամփը կաջակցի. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

«Նովայա Գազետա» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ շարունակվում է դատավարություն: 


«Ի՞նչ է հայտնի Ռուբեն Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:


-Մարտի 12-ին հացադուլն ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:


-Ինչպիսի՞ն են Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:


- Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:


- Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:


- Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:


Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:


Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:


-Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:


- Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի, ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:


Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի»,- նշված է հոդվածում:


Նշենք՝ այսօր Ռուբեն Վարդանյանի հերթական դատական նիստն էր: