Միգուցե մի օր էլ մենք պարտվենք. Ավինյան
Պետք է արձանագրենք, որ Գյումրիում ամենաբարձր տոկոսը հավաքած ուժը և թեկնածուն Սարիկ Մինասյանն էր. երկրորդ տեղը գրավածի համեմատ կրկնակից ավել ձայն հավաքած թեկնածու էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Գյումրիի ընտրություններում արձանագրված արդյունքներին:
«Իրականում պառլամենտական երկրում ընդհանուր այն միտումը, որ մենք սկսում ենք տեսնել, կարծում եմ հաճախ ենք սկսելու տեսնել տարբեր ընտրությունների ժամանակ, որովհետև շատ բնական է, որ պառլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 և ավել տոկոսը չի հավաքում:
Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու:
Մեր քաղաքական ուժը 2018 թվականից մի հստակ ուղի է որդեգրել՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր դարձնելու։ Անկախ նրանից, թե որ ընտրությունում քանի տոկոս ձայն ենք հավաքում, մենք այդ ճանապարհից չենք շեղվում, և միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ:
2018 թվականից սկսած ունեցել ենք դեպքեր, երբ մեր ուժը կամ մեր ուժի թեկնածուն տարբեր համայնքներում չի հաղթել համայնքի ղեկավար ընտրություններում, մեկ այլ թեկնածու է դարձել և ես դա կարծում եմ շատ նորմալ պրակտիկա է»:
Դիտարկմանը, որ ընտրություներից առաջ Սարիկ Մինասյանն ու ՔՊ-ն հայտարարում էին 50 պլյուս տոկոս հավաքելու մասին, Երևանի քաղաքապետն արձագանքեց. «Նախընտրական շրջանում շատ տարբեր հայտարարություններ են տեղի ունենում տարբեր ուժերի կողմից: Եթե հիշում եք, մեր Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները խոսում էին վարչական ռեսուրսների չարաշահման մասին, արդեն համարյա թե հասել էին ընտրակեղծարարության մասին հայտարարություններին, հետո տեղի ունեցան ընտրությունները, փաստերը տեսանք, որ բացարձակապես իրականությանը չէին համապատասխանում: Հետևապես նախընտրական շրջանում արված շատ հայտարարությունների շատ լուրջ պետք չի վերաբերվել»:
Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 մանդատ եւ «Մայր Հայաստանի» թեյկնածու Կարեն Սիմոնյանը՝ 2 մանդատ: 4 ընդդիմադիր ուժերը որոշել են, որ քաղաքապետ։ ընտրելու ժամանակ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին: