
Ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է. մանրամասներ ողբերգական ավտովթարից

Կանչից հետ գալու ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, նախնական վարկածով՝ վարորդն, ամենայն հավանականությամբ, ղեկին քնել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:
«Կանչ ենք ունեցել, կանչն ավարտելուց հետո վերադարձի ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է, կողքը բժիշկն է նստած եղել, հետևը՝ բուժքույրը, բժիշկը մահացել է, բուժքույրը կայուն ծանր վիճակում է, իսկ վարորդի վիճակը ավելի թեթև է՝ միայն կողերի կոտրվածք ուներ, գիտակցությունը տեղն էր»,- ասել է Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ վարորդը սթափ է եղել։
Հարցին՝ արդյոք բժիշկն ամրակապվա՞ծ է եղել, Գրիգորյանը նշել է․ «Կարծում եմ՝ ամրակապված չի եղել։ Դրանք բոլորը նախնական տեղեկություններ են, ես տեսագրությունն ունեմ, ինքը սովորական գնում հարվածում է սյանը, որևէ այլ բան չի եղել, 99 տոկոս երկուսի աչքն էլ կպել է այդ պահին, որովհետև դրանից առաջ ինքը շրջադարձ է կատարում ու էդպես գնում հարվածում»։
«Վարորդի վիճակը նախնական տվյալներով թեթեւ է, բուժքույն է, որ հիմա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է»,- ընդգծել է տնօրենը:
Հարցին՝ վարորդները ծանրաբեռնվա՞ծ են աշխատում, որ նման դեպք է գրանցվել, նա պատասխանել է. «Բուժքույրի վիճակը ծանր է, բժիշկը մահացել է, վարորդը հիվանդանոցում է, հիմա նստենք, քննարկենք ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ՞: Աչքը կպել է, հստակ դա է, խոչընդոտ չկա, տեսագրությունը ունենք ոնց է եղել, գնում խփում է: Ես առաջին վայրկյանից այնտեղ եմ եղել, այդ ամենը իմ աչքի դեմն է եղել»:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել: Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան: