
Նոր տվյալներ՝ զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված

Զինված ուժերում և այլ զորքերում արձանագրված դեպքերի թիվը 2024 թվականին կազմել է 2093՝ 2023 թվականի 2358-ի դիմաց։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։
Արձանագրվել է 265 դեպքով կամ 11.2 տոկոսով նվազում։ Դրանցից 762-ը (36.4 տոկոս) եղել են պատահարներ, 1331-ը (63.6 տոկոս)՝ հանցագործություններ։
Հանցագործությունների ընդհանուր թվի նվազումը կազմել է 224 դեպք կամ 14.4 տոկոս։Զինվորական հանցագործությունները նվազել են 132-ով (15.6 տոկոս), իսկ այլ հանցագործությունները՝ 92-ով (13 տոկոս )։ Դատախազությունը դա պայմանավորում է զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմամբ և սահմանային լարվածության հարաբերական թուլացմամբ։
2023-ին արձանագրված 1555 հանցագործություններից 320-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, իսկ 2024-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 217 է եղել՝ նվազելով 103-ով կամ 32.2 տոկոսով։ Մասնավորապես, 2024-ին արձանագրվել է 178 ծանր և 39 առանձնապես ծանր հանցագործություն, ինչը 2023-ի համեմատությամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 50 տոկոսի նվազում է։
Այս 39 դեպքերից նշվել են՝ հակառակորդի կողմից կատարված սպանություն՝ 3, սպանության փորձ՝ 14, սպանություն՝ 9, խոշտանգում՝ 6, թմրամիջոցների ապօրինի իրացում՝ 4, անզգուշությամբ մահ՝ 2, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 1։
2024 թվականին արձանագրվել է զինծառայողների մահվան 27 դեպք, այն դեպքում երբ 2023-ին դրանց թիվը կազմել էր 54։ Նվազումը կազմել է 50 տոկոս։ Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է հատկապես հակառակորդի կողմից սպանության դեպքերի էական նվազմամբ (2024-ին՝ 4, 2023-ին՝ 19) և ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտման դեպքերի բացակայությամբ, որոնք 2023-ին հանգեցրել էին 17 զինծառայողի մահվան։
Մահվան դեպքերի բաշխվածությունը հետևյալն է․ հակառակորդի կողմից սպանություն՝ 4, սպանություն՝ 5, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենա վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, դժբախտ պատահար՝ 1։