
Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից

Գերմանիայի նախագահի աշխատակազմը ներողություն է խնդրել Ադրբեջանից Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցերի էջում հրապարակված լուսանկարի համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:
Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակում նշել է, որ նախագահ Շտայնմայերի սոցիալական ցանցերում կարճ ժամանակում հրապարակվել է «սխալ դրոշ» և ուղեկցող տեքստ, որը վերաբերում է իբր Ադրբեջանի շրջաններից մեկին (օկուպացված Արցախին):
«Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվեց: Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակներում: Ես շատ տխուր եմ տեղի ունեցած սխալի համար և ցանկանում եմ իմ անկեղծ ներողամտությունը խնդրել այն սխալ տպավորության համար, որ ադրբեջանական կողմը թողել է վերոնշյալ նամակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դինգերն ընդգծել է, որ Շտայնմայերի Ադրբեջան կատարելիք այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։
Հիշեցնենք` մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Այս որոշումը կայացվել է Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի հետ կապված: Վերջինս տարծաշրջանային այցի շրջանակում, իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և հրապարակել Արցախի դրոշը: