ԱՄՆ–ն կնպաստի, որ ՌԴ–ն վերականգնի իր հասանելիությունը համաշխարհային շուկայում

Կրեմլը հրապարակել է Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման հիմնական արդյունքները: Հատկանշական է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ–ի` SWIFT-ին մասնակի միանալու մասին։


Նշվում է, որ ըստ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածության՝ կողմերը կապահովեն «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը: Այն ներառում է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովում, ուժի չկիրառում և ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործման արգելք (նախաձեռնել համապատասխան միջոցներ` այդպիսի նավերը ստուգելու նպատակով)։


«ԱՄՆ-ն կնպաստի համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման հասանելիության վերականգնմանը, ծովային փոխադրումների ապահովագրության արժեքի նվազեցմանը, ինչպես նաև այդպիսի գործարքների իրականացման համար, նավահանգիստների և վճարային համակարգերի հասանելիության ընդլայնմանը», - ասված է Կրեմլի հայտարարության մեջ:


Հստակեցվում է, որ այս պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ իրականացվեն հետևյալ կետերը.


Ռոսսելխոզբանկի և սննդի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի միջազգային առևտրի գործառնությունների ապահովման գործում ներգրավված այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների վերացում, դրանց միացում SWIFT-ին, անհրաժեշտ թղթակցային հաշիվների բացում,


Առևտրի ֆինանսավորման գործառնությունների իրականացման սահմանափակումների վերացում,


Պարենամթերք (այդ թվում՝ ձկնամթերք) և պարարտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի բեռների հետ ապահովագրական ընկերությունների աշխատանքի սահմանափակումների վերացում,


Պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի առևտրում ներգրավված, նավահանգիստներում նավերի սպասարկման սահմանափակումների և ռուսական դրոշով նավարկող նավերի նկատմամբ պատժամիջոցների վերացում,


Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի արտադրության մեջ ներգրավված այլ ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացում:


Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են միջոցներ ձեռնարկել 2025 թվականի մարտի 18-ից 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներն արգելելու վերաբերյալ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների իրականացման համար՝ պայմանավորվածությունը երկարաձգելու կամ կողմերից մեկի կողմից այն չկատարելու դեպքում դուրս գալու հնարավորությամբ:


«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ողջունում են երրորդ երկրների բարեկամական ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացմանը աջակցելուն։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել կայուն և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն