
Թուրքիայում լարված իրավիճակ է. մանրամասներ տեղի ունեցողից

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է մուտքի և ելքի իբր արգելքի մասին լուրերը՝ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցող բողոքի ակցիաների ֆոնին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է նաև լուրերն այն մասին, թե իբր հեռուստաընկերություններին հրահանգել է ընդհատել ուղիղ եթերները՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի բողոքի ակցիաների ֆոնին:
Էրդողանն առաջին անգամ մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը նշել է, որ ընդդիմության հարցերը երկրի խնդիրները չեն: Ոստիկանությունը բռնությամբ ցրում է ցույցերը՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Իշխանություններն արդեն արգելել են հանրահավաքները երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, քաղաքացիներին կոչ անելով մինչև առնվազն մարտի 25-ը խուսափել «չարտոնված գործողություններից:
Շաբաթ օրը Թուրքիայում ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցող ակցիաներից հետո ավելի քան 320 մարդ է ձերբակալվել, մեկ ոստիկանի վրա ծծմբաթթու են լցրել, հայտնել Է երկրի անվտանգության գլխավոր վարչությունը Х սոցկայքում:
Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է Իմամօղլուի ձերբակալության մասին՝ կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչական գործունեությանը օժանդակելու գործով: Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, հայտարարել է, որ «մտադիր չէ հանձնվել» իշխանությունների ճնշման տակ։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը բողոքի զանգվածային ակցիաների Է հանգեցրել։
Շաբաթ օրը քաղաքական գործիչը հինգ ժամ ցուցմունք է տվել Չաղլայան շրջանի արդարադատության պալատում: A Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նա հերքել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մասին մեղադրանքները եւ քննադատել է իր ձերբակալման մեթոդը։
«Ստամբուլից մուտքն ու ելքն արգելված է: Պնդումը մանիպուլյացիա է պարունակում», - ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Ըստ այդ փաստաթղթի՝ մտցված սահմանափակումները վերաբերում են միայն առանձին անձանց և տրանսպորտային միջոցներին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իմամօղլուի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել էր ընդդիմության կողմից ոստիկանության և արդարադատության նկատմամբ քաղաքական ճնշման փորձերի մասին: Նրա խոսքով՝ կառավարությունը ընդդիմության հետ «լեզվակռվի» ժամանակ չունի, զբաղված է երկրի խնդիրների լուծմամբ։ Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչն էլ իր հերթին կոչ է արել Իմամօղլուի ձերբակալությունից հետո փողոցային ցույցեր չսկսել՝ նշելով, որ այս իրավիճակը որևէ կապ չունի Էրդողանի հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է Էրդողանի հասցեին «անհիմն զրպարտության» մասին Իմամօղլուի ձերբակալության հետ կապված իրավիճակի ֆոնին, որը դիտարկվում է որպես երկրի գործող ղեկավարի գլխավոր մրցակից արտահերթ նախագահական ընտրություններում: Ստամբուլի քաղաքապետի այս կարգավիճակը չորեքշաբթի հաստատել է նաև Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը՝ Իմամօղլուին անվանելով կազմակերպության կողմից ընտրությունների հիմնական թեկնածու: