
Մեկնարկեց Վրաստան-Հայաստան Ֆուտբոլային հանդիպումը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը մեկնարկեց Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում։
Մարտի 20-ին Երևանում կայացած առաջին խաղում վրացական թիմը հաղթել էր 3:0 հաշվով: Վրաստանի հավաքականը պայքարում է B լիգայում տեղը պահպանելու համար, Հայաստանը՝ C լիգայից բարձրանալու համար:
Հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն:
Հավելենք, որ հայ երկրպագուները ժամը 16:00-ին հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ աջակցելու իրենց հավաքականին Վրաստանի հետ խաղից առաջ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները երթ էին անցկացնում Թբիլիսիում՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից առաջ: Երթն անցնով փողոցներով հասավ «Դինամո Արենա» մարզադաշտ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը Վրաստանի հավաքականի այցը Երևան ռեկորդային է եղել արտագնա խաղում վրացի երկրպագուների թվով․ տրիբունաներում մոտ 3 հազար վրացի երկրպագու է եղել:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպմանը ներկա է եղել ընդհանուր առմամբ 14 հազար հանդիսատես։
Վրաստանի հավաքականը արտագնա խաղերում նման աջակցություն դեռ չէր ստացել` բացառությամբ Եվրոպայի առաջնության հանդիպումների: Ավելին, արտասահմանցի երկրպագուների նման քանակը ռեկորդ էր նաև հայկական կողմի համար:
Վրացի երկրպագուներն էլ իրենց հերթին դրոշներով և երգերով երթով անցել էին Երևանի փողոցներով:
Խաղից հետո սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր ջերմ մթնոլորտն ու հայկական կողմի հյուրընկալությունը՝ չնայած տանտերերի 0:3 հաշվով պարտությանը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը, երեկ Թբիլիսիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականն ամեն ինչ կանի Վրաստանի հետ կայանալիք խաղում ռևանշի հասնելու համար։
«Մենք հիմա էլ ենք պատրաստ, Երևանում էլ էինք բավականին պատրաստված, ուղղակի 3 կոպիտ սխալ արեցինք, որոնք մեզ 3 գոլ արժեցան։ Իհարկե, Երևանում Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ ցուցադրեց։ Հիմա արդեն որոշակիորեն պարզ է դառնում մեր ֆուտբոլիստների ներկայիս վիճակն ու հնարավորությունները։ Մենք վաղն ամեն ինչ կանենք ռևանշի հասնելու համար։ Բայց ևս մեկ անգամ նշեմ, որ մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի շտկենք մեր վրիպումները ու անհամեմատ լավ մոտենանք Աշխարհի գավաթի 2026 թվականի ընտրական փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին»,– ասել է նա։
Հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն էլ ընդգծել է` Հայաստան–Վրաստան խաղում ինչ–որ բաներ չստացվեցին, բայց վաղվա հանդիպմանը պատրաստ են ու եկել են սխալներն ուղղելու համար։ Վստահեցրեց` դաշտում մաքսիմում նվիրվելու են խաղին, որպեսզի դրական արդյունքի հասնեն։