
Տարածքային զիջումներ` երաշխիքների դիմաց. Ուոլց

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հաստատել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքը, Ուկրաինայի բացակայությունը ՆԱՏՕ-ից և Կիևի կողմից որոշ տարածքներից հրաժարվելը Ուկրաինայում ռազմական հակամարտությունը լուծելու ԱՄՆ ծրագրի մաս են կազմում։ Դրա դիմաց Կիեւին կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Դոնբասը կհանձնվի Ռուսաստանին, Ուոլցն այսպես է արձագանքել,- «...Արդյո՞ք մենք պատրաստվում ենք բոլոր ռուսներին դուրս քշել ուկրաինական հողի ամեն մի թիզից, այդ թվում՝ Ղրիմից... Կարելի է խոսել այն մասին, թե որն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Եվ մենք պետք է խոսենք նաև տեղում իրավիճակի իրականության մասին», - ասել է նախագահի օգնականը: Նա հավելել է, որ ցնցված է այս դիրքորոշման քննադատությունից։
Բացի այդ, Ուոլցն ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը Ուկրաինային աջակցելն է «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Նա այս մոտեցումն անվանել է անվերջ պատերազմ «մի միջավայրում, որտեղ մենք բառացիորեն հարյուր հազարավոր մարդկանց ենք կորցնում մի քանի ամսվա ընթացքում»։ Ուոլցը հավելել է, որ եթե այսպես շարունակվի, դա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: