
Պուտինը պայման է առաջարկել Թրամփին՝ խնդրանքը կատարելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն պայմանը, որի դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի բավարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ խնայել ուկրաինացի զինվորականների կյանքը Կուրսկի մարզում. անհրաժեշտ է ուկրաինական իշխանությունների համապատասխան հրամանը՝ վայր դնել զենքը:
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ այդ դեպքում ուկրաինացի զինվորականների կյանքը կերաշխավորվի։
«Կցանկանայի ասել, որ մենք ծանոթացել ենք ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի ուղերձին՝ խնայել ուկրաինական բանակի զինծառայողների կյանքը, որի զորամասերը ռուսական զորքերի կողմից արգելափակված են Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման գոտում», - ասել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ «ուկրաինացի գրոհայինները ներխուժման գոտում բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ»: «Այդ արարքները, ինչպես արդեն ասացի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որակվում են որպես ահաբեկչություն։ Միևնույն ժամանակ, մենք ըմբռնումով ենք մոտենում նախագահ Թրամփի կոչին՝ առաջնորդվել այդ զինծառայողների նկատմամբ մարդասիրական բնույթի նկատառումներով», - ասել Է Պուտինը։
Նա հավելել է. «Այս կապակցությամբ ընդգծեմ, որ զենքը վայր դնելու և գերի հանձնելու դեպքում նրանց համար կերաշխավորվի կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը՝ միջազգային իրավունքի և Ռուսաստանի Դաշնության օրենքի նորմերին համապատասխան»:
Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր, որ «հազարավոր ուկրաինացի զինվորականներ ամբողջովին շրջապատված են ռուսական զորքերով և գտնվում են շատ վատ և խոցելի վիճակում»: Նա ասել է, որ խնդրել է Պուտինին խնայել իրենց կյանքը։
Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը մարտի 12-ին Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների խմբավորումը շրջապատված է և մեկուսացված: Ռուսաստանի նախագահն այն ժամանակ հայտարարել էր, որ Կուրսկի շրջանում գերեվարված Ուկրաինայի զինված ուժերի գրոհայիններին Ռուսաստանն առաջին հերթին պետք է «վերաբերվի որպես ահաբեկիչների»։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի զինվորականները, որոնք մնում են Կուրսկի մարզում, մոտ ժամանակներս երկու ելք կունենան՝ գերի հանձնվել կամ զոհվել:
Նախօրեին ՝ մարտի 13-ին, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին։ Միևնույն ժամանակ, նման համաձայնագիրը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները, նշել է Ռուսաստանի նախագահը: Ուկրաինան կարող է 30-օրյա հրադադարը օգտագործել զենք ստանալու կամ հարկադիր մոբիլիզացիայի համար, հավելել է պետության ղեկավարը: Բացի այդ, դեռևս պարզ չէ, թե ինչպես են լուծվելու վերահսկողության և ստուգման հարցերը, ովքեր են տալու մարտական գործողությունների դադարեցման հրամանները և ինչ գին ունեն այդ հրամանները, - ասել է նա:
Կիևի և Մոսկվայի միջև ժամանակավոր հրադադարի մասին առաջարկը հնչել է ԱՄՆ-ի կողմից մարտի 11-ին Ջիդդայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների բանակցությունների արդյունքում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է այս նախաձեռնությանը, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին դա անել։