
ԱՄՆ-ն ծրագրում է խստացնել մուտքի կանոնները ՌԴ-ի և 43 երկրների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է խստացնել մուտքի կանոնները 43 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է New York Times-ը:
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարականի նախագիծ է մշակել, որում 43 երկրներ բաժանված են երեք կատեգորիաների՝ «կարմիր», «նարնջագույն» և «դեղին»։
«Կարմիր» խմբում ընդգրկված են 11 երկրներ, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ խստիվ կարգելվի։ Դրանք են՝ Աֆղանստանը, Բութանը, Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։
«Նարնջագույն» ցուցակում ընդգրկված է 10 երկիր, որոնց քաղաքացիները վիզային սահմանափակումներ կունենան։ Մուտքը կարող է թույլատրվել միայն «հարուստ գործարար ճանապարհորդներին», բայց ոչ նրանց, ովքեր մուտք են գործում ներգաղթային կամ տուրիստական վիզաներով, նշում է հրատարակությունը։
«Նարնջագույն» խմբում ընդգրկված էին Ռուսաստանը և Բելառուսը, ինչպես նաև Էրիթրեան, Հայիթին, Լաոսը, Մյանմարը, Պակիստանը, Սիերա Լեոնեն, Հարավային Սուդանը և Թուրքմենստանը։
Բացի այդ, «դեղին» ցուցակում ընդգրկվել է 22 երկիր, որոնց կտրամադրվի 60 օր՝ ԱՄՆ իշխանություններին անհանգստացնող հարցերը վերացնելու համար։ Հակառակ դեպքում նրանք կհայտնվեն «կարմիր» կամ «նարնջագույն» կատեգորիայի մեջ:
Ինչպես նշում է The New York Times-ը, պաշտոնական առաջարկությունները կարող են ներկայացվել հաջորդ շաբաթ, այսինքն՝ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ Վերջնական ցուցակը կարող է փոխվել, հավելում է հրապարակումը։
Պարբերականն ընդգծել է, որ դեռ պարզ չէ՝ սահմանափակումները կվերաբերեն նրանց, ովքեր արդեն ունեն վավեր վիզաներ, թե՞ նրանց վիզաները կչեղարկվեն։ Անհասկանալի է նաև, թե արդյոք վարչակազմը կտարածի սահմանափակումները կանաչ քարտ ունեցողների վրա, ովքեր արդեն ստացել են ԱՄՆ-ում օրինական ապրելու թույլտվություն: