Որքան տուգանք կսահմանվի առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար

«Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա։ Տուգանքների կիրառումը կիրականացվի, երբ ԱԺ–ի կողմից հավանության կարժանանա»: Այս մասին այսօր՝ մարտի 14–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։


«Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն է իր մեջ ունենալու, մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,–ասել է Կոստանյանը։


Նրա խոսքով, տուգանքների կիրառման ժամկետները դեռ հստակ չեն։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:


Նախաձեռնության համաձայն, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:


«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»,–նշել է նա։


Հայկ Կոստանյանի խոսքով, մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ, որից 210.000-ից ավելին եղել են փաթեթային տոմսեր, որի 71%-ը հիմնական փաթեթներն են, իսկ 29%-ը արտոնություններն են»:

Քաղաքականություն